ՖԻԶԻԿԱՅԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Posted by: | Posted on: Հոկտեմբերի 2, 2018
Սեպտեմբերի 29-ին Սիսիանի ավագ դպրոցի ֆիզմաթ հոսքի 11-րդ դասարանի աշակերտները դասղեկ և միաժամանակ ֆիզիակյի ուսուցչուհի Բելա Ջիվանշիրյանի ուղեկցությամբ մասնակցել են Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երևանի ֆիզիկայի ինստիտուտի) 75-ամյակին նվիրված միջոցառմանը: Այդ ընթացքում աշակերտները ծանոթացել են ֆիզիկայի ինստիտուտի պատմությանը և գործունեությանը: Ականատես են եղել տարաբնույթ հետաքրքիր փորձեր: Այդ միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, ով սիրով պատասխանեց ներկաներին հուզող հարցերին:


Սիսիանի ավագ դպրոցում ԱԽ նախագահի ընտրություններ են

Posted by: | Posted on: Սեպտեմբերի 24, 2018
Սեպտեմբերի 20-ին տեղի ունեցավ Սիսիանի ավագ դպրոցի աշակերտական խորհրդի նախագահի ընտրությունը: Մեկ շաբաթից ավել է, Սիսիանի ավագ դպրոցում եռուզեռ է, պետք է ընտրել աշակերտական խորհրդի նախագահ: Թեժ քարոզարշավից հետո, սեպտեմբերի 20-ին, վերջապես տեղի ունեցավ այդքան սպասված ընտրությունը: Թեկնածուները երկուսն էին` Աննա Խաչատրյանը և Էդգար Պողոսյանը, երկուսն էլ ակտիվ և գործունյա երիտասարդներ, որոնք առանձնանում են մեկը մյուսից իրենց արժանիքներով և բնավորության ուժեղ գծերով: Վաղ առավոտից դպրոցը եռուզեռի մեջ էր, բոլորը փորձում էին կարգավորել ընտրող դասարանների հերթականությունը` առանց խանգարելու դպրոցի դասապրոցեսը: Առավել լարված էին ընտրական հանձնախմբի նախագահն ու ողջ կազմը: Ընտրությանը աշակերտ թե ուսուցիչ վերաբերվում էին ամենայն լրջությամբ և կարգով: Ընտրությունից առաջ ընտրական հանձնաժողովի կազմը, թեկնածուների վստահված անձիք և դիտորդները համոզվեցին, որ արկղը դատարկ է, ստուգեցին քվեաթերթիկների իսկությունը, միմյանց հաջողություն մաղթեցին և ուղիղ ժամը 11:00-ին սկսեցին գործընթացը: Ընտրություններին մասնակցեց 375 աշակերտ հետևյալ արդյունքներով.
1.Խաչատրյան Աննա— 173 ձայն
2.Պողոսյան Էդգար— 192 ձայն
3.Անվավեր — 10 քվեաթերթիկ:
Ձայների մեծամասնությամբ աշակերտական խորհրդի նոր նախագահ ընտրվեց Էդգար Վահագնի Պողոսյանը:
Շնորհավորենք նրան և ցանկանանք նրան ակտիվ գործունեություն:


ԴԱՍԸ ՎԱՐՈՒՄ Է ՈՍՏԻԿԱՆԸ

Posted by: | Posted on: Սեպտեմբերի 14, 2018
Ս/թ սեպտեմբերի 14-ին ՀՀ Ոստիկանության Սիսիանի բաժնի ԱԳ և ԸԲԿԽ դպրոցական ավագ տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ս. Տիգրանյանը իրականացրեց դասընթաց-քննարկում «Դասը վարում է ոստիկանը» խորագրով:


2018-2019 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ

Posted by: | Posted on: Սեպտեմբերի 1, 2018
Սիսիանի ավագ դպրոցը շնորհավորում է բոլորին գիտելիքի օրվա կապակցությամբ, ցանկանում հաջողություններ, ուժ և եռանդ:


ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ

Posted by: | Posted on: Սեպտեմբերի 1, 2018
Տնօրենի ուղերձը
Հարգելի՛ հյուրեր, սիրելի՛ աշակերտներ, ծնողներ, ուսուցիչներ:
Այո՛…. Նորից եկավ սեպտեմբեր, նորից աշնանամուտ է Սյունյաց բարձր լեռնաշխարհում: Շնորհավորում եմ բոլորիդ նոր 2018-2019 ուսումնական տարվա առթիվ, որը թևակոխում ենք` դարձած ավելի տոկուն, ավելի վստահ սեփական ուժերին:
Սեպտեմբերի 1-ը ազդարարում է ուսումնական տարվա սկիզբը, որը նաև գիտելիքներով հարստանալու, իրական արժեքներ ճանաչելու և նոր նպատակներ կյանքի կոչելու սկիզբ է:
Տոնական այս օրը հատկապես առանձնակի ջերմությամբ ցանկանում եմ շնորհավորել բոլոր նրանց, ովքեր ավագ դպրոցի շեմն առաջին անգամ են ոտք դնում, այս սեպտեմբերի 1-ը թող դառնա լուսավոր ու մեծ ճանապարհի սկիզբ:
Նոր ուսումնական տարին պարտավորեցնող է բոլորիս համար, որովհետև կրթության բնագավառում իրականացվող բարեփոխումների հաջողությունը կախված է յուրաքանչյուրիս հետևողական աշխատանքից ու նվիրումից:
Հարգելինե՛րս, մեր ուսուցչական կոլեկտիվը անմնացորդ նվիրվածությամբ է աշխատել, որպեսզի այսօր մենք բարձր տրամադրությամբ ողջունենք ձեզ մեր կրթօջախում:
Որպես խթան նոր ուսումնական տարվա աշխատանքային տրամադրության` ուզում եմ խոսել նախորդ ուստարվա մեր ձեռքբերումների մասին:
Տարեկան ամփոփման ընթացքում դպրոցի՝ գերազանց առաջադիմությամբ սովորողների թիվը 72 է, նրանցից 6-ը 12-րդ դասարանցիներ էին: 2 աշակերտուհիներ Անի և Անուշ Հարությունյանները դպրոցն ավարտել են գերազանցության մեդալով:
Դպրոցի 47 շրջանավարտներից 33-ը հաջողությամբ հանձնել են միասնական քննություններ: Նրանցից 20-ը տարբեր առարկաներից 18-ից 20 միավոր են վաստակել: Ավարտական քննությունների ընթացքում անբավարար արդյունք չի գրանցվել:
Պետական բուհեր են ընդունվել 32 շրջանավարտներ, նրանցից 14-ը՝ անվճար:
Մեր շնորհալի և խելացի աշակերտները առարկայական օլիմպիադաներում մրցանակներ են ստացել շնորհիվ իրենց փորձառու ուսուցիչների: Առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլը անց է կացվել առարկայական  շաբաթների շրջանակում: Ներդպրոցական   օլիմպիադաներին մասնակցել են 349 աշակերտներ,  որոնցից տարածաշրջանային փուլին մասնակցել են  115-ը, մարզային փուլին մասնակցել են 89 աշակերտներ, որոնցից  հաղթել են   27-ը: Ցանկանում եմ նշել  հանրապետական փուլի հաղթողներին. Հանրապետական փուլին մասնակցելու իրավունք են ստացել 16 աշակերտներ: Հանրապետական փուլում հաղթող են ճանաչվել 8 աշակերտներ, նրանցից 4-ը արժանացել է դիպլոմի, իսկ մյուս 4-ը՝ գովասանագրի: Խաչիկյան Լիլիթը աշխարհագրություն առարկայից իրավունք է ստացել մասնակցելու միջազգային օլիմպիադային: Նա Հայաստանի թիմի հետ մեկնել էր Կանադա:
ԵՊՀ-ի կողմից կազմակերպված օլիմպիադայում 12-րդ դասարանի 9 աշակերտներ մասնակցել են առաջին փուլին և հաղթել են 4-ը: Մեկը  արժանացել է երրորդ կարգի դիպլոմի,  3-ը՝ գովասանագրերի:
«ֆլեքս» ծրագրով ԱՄՆ մեկնեց 11-րդ դասարանի «ֆիզմաթ» հոսքի աշակերտ Արմեն Մկրտումյանը:
Մենք շատ ենք խոսել այն մասին, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մեզ համար գերակայություն է: Այսօր այս ոլորտը հանդիսանում է ոչ միայն մեր ապագան, այլևս մեր ներկան:
Ucom-ի աջակցությամբ Հայաստանի մարզերում հիմնադրվող «Արմաթե ինժեներական լաբորատորիաների սաներն օգոստոսի 16-18-ը Հայաստանը ներկայացրեցին Մեխիկոյում կայանալիք «First Global» ռոբոտների միջազգային մրցույթում: Թիմի ղեկավար ու մասնակից են Արմեն Յենոքյանը, «Արմաթի» խմբավար և մեր 12-րդ դասարանի տնտեսագիտական հոսքի աշակերտուհի Լիլիթ Խաչիկյանը, որոնց ջերմորեն շնորհավորում ենք:
Էդգա՛ր Պողոսյան, Դուք հասել եք հաջողության, քանի որ ստեղծագործ մոտեցում եք ցուցաբերել: Շարունակեք աշխատել ձեր մասնագիտական որակների բարձրացման ուղղությամբ:
Թող այս ուսումնական տարին լինի արգասաբեր, քանի որ մեր աշակերտներն ու ուսանողները դնելու են ոչ միայն սեփական կյանքի, այլև Հայաստանի ապագայի ամուր հիմքերը:
Հարգարժա՜ն ուսուցիչներ, կրթված քաղաքացին մեր ազգային արժանապատվության, մեր պետականության պահպանման, մեր երկրի զարգացման ու հզորացման, ազգային անվտանգության ապահովման կարևոր գործոնն է, որի երաշխավորը հանդիսանում եք դուք:
Տոնական այս օրը մեկ անգամ ևս առիթ է տալիս մեզ` կրթության գործընթացի բոլոր մասնակիցներիս` աշակերտից մինչև տնօրեն վերագնահատելու գիտելիքի կարևորությունն ինչպես յուրաքանչյուր անձի բարեկեցության, այնպես էլ մեր պետության զարգացման ու հզորացման գործընթացում: Կրթության ոլորտում համաշխարհային զարգացումներն այսօր հավաստում են, որ մեր կրթական համակարգի որակի և արդյունավետության բարձրացմանը միտված ծրագրերն այլընտրանք չունեն, ու բոլորիս համար ցանկալի արդյունքին հասնելու համար կարևորված է յուրաքանչյուրիս մասնակցությունը:
Իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն եմ հղում ու ցանկանում, որ ուսումնառության ողջ ընթացքը ձեզ համար լինի աշխարհաճանաչման ու ինքնադրսևորման ժամանակաշրջան: Յուրաքանչյուր աշակերտ մի ջահ է, որը պիտի բոցավառվի գիտելիքի նկատմամբ սիրով ու սովորելու անսպառ ցանկությամբ:
Սիրելի՛ դպրոցականներ, անհրաժեշտ է, որ դուք նախևառաջ ձեր սեփական լեզուն, մշակույթն ու պատմությունն իմանաք, հպարտանաք մարդկային քաղաքակրթության մաս կազմող մեր հարուստ անցյալով և միշտ հիշեք, որ ձեր հայրենիքը Հայաստանն է, և ձեր ապագան պետք է կերտվի Հայաստանում, նրանից դուրս ապրող երիտասարդ սերունդների նվիրական գործով, ձեր մտքի տաղանդի ուժով, ստեղծագործ, արարող աշխատանքի շնորհիվ:
Շնորհավորում եմ գիտելիքի օրվա և ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ : Մեզ բոլորիս ցանկանում եմ անամպ երկինք , անձնուրաց նվիրվածություն մեր ազատ ու անկախ հայրենիքի էլ ավելի հզորացման գործում, հետաքրքիր հայտնություններով հարուստ ու հաջողություններով լի տարի, ուժ, կորով և առողջություն այդ առաքելությունն իրականացնելու ճանապարհին:
Բարի երթ և բազում հաջողություններ նոր ուսումնական տարում:

Ատեստատների հանձնում

Posted by: | Posted on: Հուլիսի 10, 2018
Սիրելի՛ շրջանավարտներ, Սիսիանի ավագ դպրոցի տնօրինությունը և ողջ անձնակազմը շնորհավորում է բոլորիդ միջնակարգ կրթության ատեստատներ ստանալու առթիվ` փաստելով, որ դուք ոչ միայն դպրոցն ավարտեցիք բարձր առաջադիմությամբ, այլ նաև փայլուն արդյունքներ ունեցաք պետական միասնական քննություններից` հաղթահարելով տարբեր ԲՈՒՀ-երի՝ համապատասխան ֆակուլտետների ընդունելության շեմերը:
Նորանոր հաջողություններ և կանաչ ճանապարհ ենք մաղթում կյանքի ձեր նոր փուլում։


ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ 12

Posted by: | Posted on: Հունիսի 21, 2018
Սիսիանի ավագ դպրոցում մեկնարկել են 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունները:


ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ 9

Posted by: | Posted on: Հունիսի 11, 2018
 
Սիսիանի ավագ դպրոցում մեկնարկեց պետական ավարտական քննությունները 9-րդ «ա» և «բ» դասարաններում: Այսօր սովորողները քննություն են հանձնում «հայոց լեզու և գրականություն» առարկայից: Այս պահին նրանք գրում են փոխադրություն Դավիթ Անհաղթի մասին:
Հաջողություն նրանց:

ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՄԱՆԿԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Posted by: | Posted on: Հունիսի 11, 2018
Ավարտին հասավ ևս մեկ՝ 2017-2018 ուսումնական տարին: Սիսիանի ավագ դպրոցը հերթական անգամ բովանդակալից միջոցառումներ կազմակերպեց՝ 47 շրջանավարտներին ջերմությամբ ու սիրով կյանք ճանապարհելու համար: Այնուհետև հաջորդեց դպրոցի աշխատանքային առօրյան. Ավարտվեցին նաև փոխադրական քննությունները, ամփոփվեցին արդյունքները: Բայց և մանկխորհը դա չհամարեց օրվա հարց, քանի որ ավելի կարևոր ամփոփումը առջևում է. տարեվերջ, պետական ավարտական քննություններ, միասնական քննությունների տագնապներ, մեդալի հավակնորդների հետ կապված անհանգստություններ… Հաջողություն շրջանավարտներին:

ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄ

Posted by: | Posted on: Մայիսի 30, 2018
Սիսիանի ավագ դպրոցում սկսվել են 10-րդ և 11-րդ դասարանների սովորողների գիտելիքների ստուգումը հոսքային առարկաներից: Ստուգումն անցկացնելու համար ստեղծվել են հանձնաժողովներ, նշանակվել՝ նախագահներ, որոնք հետևում են այն պատշաճ անցկացնելու համար: Անգլերենի ստուգումներին մասնակցում է տնօրենը: Արդյունքները կամփոփվեն ստուգումների ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում: